Քնախտ

Քնախտ, աֆրիկական տրիպանոսոմոզ, մարդու հիվանդություն, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։

Հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Քնախտի տարատեսակը, որի հարուցիչը T․ rhodesiense-ն է, դիտվում է Աֆրիկայի արևելյան մասում։ Այդ տեսակով հիվանդանում են նաև որոշ կենդանիներ (անտիլոպներ, այծեր և այլն), փոխանցողը glossina morsitans ճանճն է։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։ Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։

Հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակչությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտպանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչացում քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։ Անհատական քիմիականխարգելում վարակման ենթակա անձանց 6 ամիսը մեկ անգամ միջմկանային ներարկվում է պենտամիդին՝ լոմիդին։

Published by Մարիամ Արշակյան

Մարիամ Արշակյան, Ավագ դպրոց, 9.3 դասարան

Թողնել մեկնաբանություն